Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն երկրի մայրաքաղաք Լիմայում պարետային ժամ է մտցրել՝ փորձելով զսպել վառելիքի եւ պարարտանյութերի գների բարձրացման հետ կապված բողոքները, որոնք տարածվել են ամբողջ երկրում, տեղեկացրել է Reuters-ը։
«Կառավարությունը համաձայնել է քաղաքացիների տեղաշարժն արգելել ժամը 2.00-ից մինչեւ երեքշաբթի՝ ապրիլի 5-ի ժամը 11.59-ը՝ պաշտպանելու համար բոլոր մարդկանց հիմնական իրավունքները»,- ասել է Կաստիլյոն։
Երկուշաբթի, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, վառելիքի եւ պարարտանյութերի գների բարձրացման դեմ բողոքների ալիքը արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում էր, այն դեպքում, երբ կառավարությունը փորձում էր նվազեցնել գները։
Ըստ կառավարության՝ բողոքներն ավելի կոշտ են դառնում, առնվազն չորս մարդ արդեն սպանվել է։
Անկարգությունները սկսվել են անցած շաբաթ, երբ ֆերմերները եւ մեծ մեքենաների վարորդները արգելափակել էին Լիմա տանող որոշ հիմնական ավտոմայրուղիներ, ինչը հանգեցրել էր սննդամթերքների գների անսպասելի աճի։
Հանգստյան օրերին կառավարությունը առաջարկել էր հրաժարվել վառելիքի հարկերի մեծ մասից՝ փորձելով իջեցնել գները, ինչպես նաեւ բարձրացնել նվազագույն աշխատավարձը մոտ 10 տոկոսով՝ հասցնելով ամսական 1 205 սոլի (332 ԱՄՆ դոլար)։
Պերուն նաեւ արտակարգ դրություն է մտցրել իր գյուղատնտեսական հատվածում՝ պարարտանյութերի գների բարձրացման պատճառով, ինչը պայմանավորված է Ռուսաստանի՝ կալիումի, ամիակի, միզանյութի եւ ընդերքի համար սննդարար այլ նյութերի խոշոր արտահանողի դեմ արեւմտյան պատժամիջոցներով։
Պերուն, ինչպես եւ շատ այլ երկրներ, դեռեւս մինչեւ պատերազմը պայքարում էր բարձր գնաճի դեմ։ Մարտին գնաճը հասել էր 26-ամյա առավելագույնին՝ հիմնականում վառելիքի եւ սննդամթերքների գների աճի պատճառով։





























