Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման միակ դրական արդյունքը կարող է լինել եւս մի քանի հայ ռազմագերիների վերադարձը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում ամենավիրավորականն այն է, որ հայ ռազմագերիներին սարքել են «աշխարհաքաղաքական նվեր»։  Այսինքն՝ կստացվի, որ Բրյուսելի միջնորդական ջանքերի շնորհիվ Հայաստանին հաջողվում է որոշ թվով ռազմագերիների վերադարձնել։ Այլ կերպ ասած՝ մեր տղաներին զրկել են ազատությունից, խոշտանգել, հիմա էլ ներկայացնում են որպես «աշխարհաքաղաքական նվեր»։ «Ի՞նչ է սա, եթե ոչ թրաֆիքինգ, աշխարհաքաղաքական մարմնավաճառություն։ Մենք կատարել ենք 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը։ Չի կատարվել միայն մեր ռազմագերիների վերադարձի կետը»,- ասաց Աշոտյանը։