Եվրոպա նավթի մատակարարումների եւ ծավալների հավելյալ աճ պետք չէ սպասել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

Փորձագետի խոսքով՝ Իրանն ՕՊԵԿ-ի անդամ է, որը պայմանագիր ունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Որոշվել է այս համաձայնագիրը կոչել ՕՊԵԿ+։ ՕՊԵԿ-ի անդամներ են նաեւ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարվել վերոնշյալ համաձայնագրից։ Նույն ցուցակում է Իրանը։

«Այնպես որ, չպետք է ակնկալել լրացուցիչ ծավալների աճ, ինչպես նաեւ նավթի մատակարարումներ դեպի Եվրոպա։ Սա քիչ հավանական է։ Բացի այդ, նավթ ունեցող երկրները լավ գիտեն, որ իրենց համար ավելի ձեռնտու է իրենց արտադրանքը վաճառել ավելի փոքր ծավալներով, բայց ավելի բարձր գներով, այլ ոչ թե հակառակը։ Առաջին դեպքում նրանց եկամուտը մի քանի անգամ ավելի է, քան երկրորդում։ Միեւնույն ժամանակ, լոգիստիկայի հետ կապված խնդիրները շատ ավելի քիչ են։ Այսինքն՝ եթե երկրորդ դեպքում նավթ տեղափոխելու համար անհրաժեշտ է ներգրավել 10 նավ, ապա առաջին դեպքում՝ ընդամենը հինգ։ Ստացվում է, որ գրեթե ամեն ինչի վրա կկարողանան խնայել»,- պարզաբանեց Մանվելյանը։