Չնայած նրան, որ համաշխարհային տնտեսությունն ապրում է ֆինանսական ճգնաժամի հետեւանքները, սակայն Հայաստանի կառավարությունը կարող էր անգամ այս իրավիճակում ելքեր գտնել՝ ճգնաժամը ծառայեցնելու երկրի տնտեսությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Մաքս-կոնցերնի» սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը։
«Թե որքան արդյունավետ ենք մենք գործել ճգնաժամային իրավիճակում, ցույց է տալիս երկրում ստեղծված ներկայիս տնտեսական իրավիճակը։ Մինչդեռ ճիշտ հաշվարկների պարագայում կարելի էր անգամ ճգնաժամից որոշակի օգուտ քաղել»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, շեշետադրումը պետք է արվեր գյուղատնտեսության վրա, քանի որ Հայաստանը, մեծ հաշվով, ագրարային երկիր է։ «Չպետք է այնպես լինի, որ գյուղատնտեսական խնդիրներով զբաղվի միայն գյուղատնտեսության նախարարը։ Գյուղի խնդիրներով պետք է ակտիվորեն զբաղվեն բոլոր գերատեսչությունների ղեկավարները»,- ասաց Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով, կառավարությունը լուծում է միայն կարճաժամկետ խնդիրներ՝ իրավիճակը չքննարկելով համաշխարհային ենթատեքստում։
Նա ընդգծեց, որ գոյություն ունի նաեւ կադրերի արդյոնավետ կիրառման խնդիրը։
«Ընդհանուր առմամբ ելքը մեկն է՝ Հայաստանի կառավարությունը պետք է օրինակ վերցնի երկրի շախմատի հավաքականից»,- խորհուրդ տվեց ձեռնարկատերը։




























