Պաշտոնական Անկարայի կողմից անընդհատ բարձրացվող աղմուկը ավելի շուտ ծիծաղելի է, քան անհանգստացնող։ Հուլիսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս ամսին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա Հայաստանը, արդյոք մեզ կվերադարձվի՞ Արեւմտյան Հայաստանը, ասել էր. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել:Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը»։
Էրդողանը Սերժ Սարգսյանի խոսքերը սադրանք էր որակել եւ պահանջել ներողություն խնդրել։




























