Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ուկրաինան Թուրքիայից գրեթե 30 անգամ ավելի շատ զինտեխնիկա է ներկրել, քան մեկ տարի առաջ, փոխանցում է Reuters-ը։

Թուրքիայի արտահանողների ասամբլեայի հրապարակած տվյալների համաձայն՝ այդ ընթացքում Թուրքիան 59.1 միլիոն դոլարի այդպիսի արտադրանք է արտահանել Ուկրաինա՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 միլիոն դոլարի համեմատ:

Վերջին տարիներին Ուկրաինան թուրքական Baykar ընկերությունից ավելի քան 20 Bayraktar TB2 մարտական ​​անօդաչու թռչող սարք է գնել եւ հունվարի 27-ին եւս 16 ԱԹՍ է պատվիրել: Այդ խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։

Արդյունաբերության ասոցիացիայի տվյալներով՝ Անկարայի ընդհանուր պաշտպանական արտահանումն առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճել է 48.6 տոկոսով։

2021 թվականին Թուրքիան 3.224 միլիարդ դոլարի պաշտպանական արտադրանք է արտահանել, ինչը 41.5 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ: