Գերմանական ածուխ ներկրողների VDKi խումբը հայտարարել է, որ Գերմանիան պետք է կարողանա այլընտրանքներ գտնել ռուսական կարծր ածուխի ներկրմանը մինչեւ ձմեռային պիկային պահանջարկի սեզոնը, սակայն տեխնիկական խնդիրներ եւ ծախսերի ավելացում կլինեն:
«Ծովային ճանապարհով ածուխի գնումը կարող է փոխվել, բայց՝ ավելի բարձր գներով»,- Reuters-ի հարցմանն ի պատասխան ասել է ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Բեթեն։
«Ածխի այլընտրանքային տեսակներին անցումն էլեկտրակայանների համար անխնդիր չէ: Սակայն հաջորդ ձմռանը հնարավոր կլինի ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխից»,- ասել է նա։
Անցյալ տարի Գերմանիան Ռուսաստանից մոտ 18 մլն տոննա ածուխ էր ներմուծել պողպատի եւ էլեկտրաէներգիայի արտադրության համար:
VDKi-ն հայտարարել է, որ ռուսական մատակարարումներում խափանումներն անցյալ տարվա վերջից դրդեցին ներմուծողներին այլընտրանքներ փնտրել, այդ թվում՝ Ավստրալիայից, Կոլումբիայից, Ինդոնեզիայից, Մոզամբիկից, Հարավային Աֆրիկայից եւ Միացյալ Նահանգներից:
EnBW-ն հարավ-արեւմտյան Գերմանիայում, որն անցյալ տարի 3.6 միլիոն տոննա ռուսական ածուխ էր գնել էլեկտրաէներգիայի եւ ջերմության արտադրության համար, ինչը կազմում է ընդհանուր սպառման 86 տոկոսը, հայտարարել է, որ ունի պաշարներ, որոնք «կբավականեցնեն ընթացիկ տարվա համար»:
Նա նաեւ հայտարարել է, որ արագացնում է գնումներն այլընտրանքային արտադրող երկրներից, իսկ Ռուսաստանից մատակարարումների հնարավոր կորստի հետ կապված իրավիճակը «վերահսկողության տակ է»։
Refinitiv Eikon-ի տվյալները վկայում են, որ 2023 թվականին Եվրոպա առաքման համար ածխի մոտավորգները 197 դոլարից մի փոքր պակաս են մեկ տոննայի դիմաց: Դա ցածր է մարտի սկզբին 250 դոլարի պայմանագրային առավելագույն ցուցանիշից, երբ առաջին անգամ դեֆիցիտի հետ կապված մտավախություններ առաջացան էմբարգոյի դեպքում, բայց գրեթե երեք անգամ բարձր մեկ տարի առաջ գրանցված գնից:




























