Արցախում գնահատում են ցանկացած հանդիպում, քանի որ Ստեփանակերտը կարծում է, որ դրանք կարող են այսպես թե այնպես նպաստել կայունության եւ խաղաղության պահպանմանը մեր տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը։
Նախարարը խորհուրդ է տվել սպասել առաջիկա հանդիպման արդյունքներին՝ նշելով, որ ղարաբաղյան կողմը կողջունի տարածաշրջանային կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված դիսկուրսը։
«Այնուամենայնիվ, մենք Ղարաբաղում ամեն օր մեզ վրա զգում ենք Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք այն եւ որեւէ փոփոխություն չենք նկատում, հատկապես՝ Բաքվի հայատյաց պահվածքի մասով»,- ընդգծեց արտգործնախարարը։





























