Տարբեր կազմակերպություններ, հոսանքներ ու ուժեր փորձում են նպաստել Արցախի հարցի լուծմանը։ Եվ եթե այս ներդրումը դրական արդյունք ունենա, ամեն ինչ լավ կլինի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի դերն այս խնդրի լուծման գործում։
Ժամանակը, նրա խոսքով, ամեն ինչ իր տեղը կդնի։ Սակայն, ինչպես նշեց նախարարը, խնդիրն այն է, որ որոշ հարցեր բավական դժվար է լուծել։
«Մենք բացառիկ հնարավորություն ունենք։ Մենք ոչ մեկի հետ չպետք է կոնֆլիկտի մեջ լինենք։ Նման դիրքորոշումը կարող է լինել կամ անգրագիտության, կամ այլասերվածության բացահայտ դրսեւորում։ Այսինքն՝ մենք ուղղակի իրավունք չունենք հակառուսական դիրքորոշում զբաղեցնել»,- ընդգծեց Բաբայանը։
Նա նշեց, որ Արցախը եւ Հայաստանը պետք է հաշվի առնեն ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը։
«Հակառուսական դիրքորոշումը հարված է հայոց պետականությանը։ Բայց եթե մենք Ռուսաստանի համար եղբայրական երկիր ենք, եղբայրական ժողովուրդ, դա ամենեւին չի նշանակում, որ մենք դարձել ենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Իրանի թշնամիները։ Ի վերջո, մենք գրեթե ամենուր ունենք հայկական սփյուռք։ Մենք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու հնարավորություն ունենք։ Դա վերաբերում է նաեւ Եվրոպային»,- ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ այսօր կարելի է հանդիպել նրանց, ովքեր կրկնում են ու պնդում հակառակը։ Բաբայանն այս մարդկանց համարեց աննորմալ։
«Կան խելագարներ, որոնք կարծում են, թե մենք պետք է թշնամաբար վերաբերվենք Ռուսաստանին։ Կամ իսկապես ոչինչ չեն հասկանում կամ բացահայտ հակապետական ու ապազգային քաղաքականություն են քարոզում։ Աշխարհում միայն երկու ազգ կա՝ հայերը եւ հրեաները, որոնք կարող են իրենց թույլ տալ լավ եւ բարեկամական հարաբերություններ պահպանել բոլորի հետ։ Ուրեմն ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին դեմ գնանք»,- տարակուսանք հայտնեց Բաբայանը։





























