Չինաստանի պետական նավթավերամշակող գործարանները կատարում են ռուսական նավթ մատակարարման շուրջ առկա պայմանագրերը, սակայն խուսափում են նոր պայմանագրերից՝ չնայած բարձր զեղչերին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Պետական Sinopec ընկերությունը՝ Ասիայի խոշորագույն նավթավերամշակող ընկերությունը, CNOOC-ը, PetroChina-ն եւ Sinochem-ը ձեռնպահ են մնացել մայիսյան մատակարարումների համար ռուսական թարմ բեռնափոխադրումներից, հայտնել են գործակալության աղբյուրները:
Չինաստանը եւ Ռուսաստանը վերջին տարիներին ավելի սերտ կապեր են զարգացնում, իսկ վերջերս՝ փետրվարին, նրանք հայտարարեցին «առանց սահմանափակումների» գործընկերության մասին: Չինաստանը հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում կամ դրանք ներխուժում անվանել։
Չինաստանը բազմիցս քննադատել է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները, թեեւ շաբաթ օրը հայտարարել է, որ Պեկինը միտումնավոր չի շրջանցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Չինաստանը, որն աշխարհի խոշորագույն նավթ ներկրողն է, ռուսական նավթի հիմնական գնորդն է․ օրական 1,6 միլիոն բարել, որի կեսը մատակարարվում է խողովակաշարերով՝ պետական պայմանագրերի շրջանակում։
Աղբյուրներն ակնկալում են, որ Չինաստանի պետական ընկերությունները կկատարեն ռուսական նավթ մատակարարելու իրենց երկարաժամկետ եւ գործող պայմանագրերը, սակայն կխուսափեն նոր գործարքներից:




























