Եղած տեղեկատվությունը թույլ չի տալիս մեզ հասկանալու, թե դեպի ուր է գնում իրադարձությունների զարգացումը. մեր բոլոր եզրակացությունները, մտահոգությունները հիմնված են այն տեղեկատվության պատառիկների վրա, որոնք մեզ հասանելի են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով Բրյուսելում այսօր կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը:

«Վերլուծություն անելու համար պետք է տեղեկացված լինել գործընթացից: Այսօր մենք տեղեկացված չենք, այսօր մենք գտնվում ենք հայտնի կույրերի ու փղի առակի հերոսների դերում:  Այսինքն հստակ ասել, թե ինչ կլինի Բրյուսելում, չենք կարող, բայց պետք է խոսել ընդհանուր զարգացումների մասին, որոնք մտահոգիչ են: Այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է այսօր Արցախը եւ Հայաստանը, որոնք ուղղակի վտանգում են երկւ հայկական պետականությունների գոյությունը, դրանք պետք է լինեն մեր մտահոգության առարկան»,-ասդաց նա:

Միրզոյանը նկատեց, որ որեւէ բացասական բան չկա այն փաստում, որ եվրոպական կամ այլ միջազգային կառույցները փորձում են ներգրավվել խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում. «Սակայն խոսքը կրկին նրա մասին է, որ մենք մինչ օրս այդպես էլ պատկերացում չունենք, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը: Կարողանում ենք դատել միայն մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներից ու գործընթացներից, որոնք իրոք, մտահոգիչ են: Խնդիրը դրա մասին է, որ տեղի են ունենում շատ մտահոգիչ զարգացումներ, որ վտանգված է երկրի անվտանգությունը, նաեւ երկրի ապագան է վտանգված»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ իշխանությունները կարող են համաձայնել որեւէ լուծման, որտեղ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, Արցախի ԱԳ նախկին նախարարը պատասխանեց. «Ես ամեն ինչ հնարավոր եմ համարում, նաեւ հրատապ եմ համարում այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք թույլ կտան չեզոքացնել Արցախի ու Հայաստանի վրա կախված վտանգները: Դատելով ադրբեջանական կողմի հռետորաբանությունից, իրոք, վտանգը մեծ է: Մենք տեսնում ենք, որ այդ հռետորաբանությունը գնալով դառնում է ավելի ու ավելի կոշտ եւ որեւէ քայլ սաստելու, որը կստիպի նրանց հրաժարվելու այդ հռետորաբանությունից, չի ձեռնարկվում»: