ԱՄՆ-ն այսօր հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն բանկի եւ մի քանի կարեւոր պետական ձեռնարկությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի պետական անձանց եւ նրանց ընտանիքների անդամների դեմ պատժամիջոցների, Ռուսաստանում նոր ներդրումներն արգելելու եւ ամենախիստ ֆինանսական «ավերիչ» տնտեսական միջոցների մասին, որոնք համաձայնեցվել են G7-ի եւ ԵՄ-ի հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ամբողջական արգելափակող պատժամիջոցներ են կիրառվում ռուսական «Սբերբանկ»-ի եւ «Ալֆա-Բանկ»-ի, ռուսական կարեւորագույն խոշոր ձեռնարկությունների նկատմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանում նոր ներդրումների արգելք է սահմանվում։

Սպիտակ տունը նաեւ հայտարարել է «ռուսական վերնախավի եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ամբողջովին արգելափակող պատժամիջոցների մասին, ներառյալ նախագահ Պուտինի չափահաս զավակների, արտգործնախարար Լավրովի կնոջ եւ դստեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Միխայիլ Միշուստինի դեմ պատժամիջոցները»:

«ԱՄՆ գանձապետարանն արգելել է Ռուսաստանին պարտքի վճարումներ կատարել ԱՄՆ իրավասության ներքո գտնվող հիմնադրամներից։ Ներկայում պատժամիջոցները չեն խոչընդոտում Ռուսաստանի սուվերեն պարտքի գծով վճարումները՝ պայմանով, որ Ռուսաստանը կօգտագործի ԱՄՆ-ից դուրս միջոցները։ Սակայն Ռուսաստանը համաշխարհային ֆինանսական առումով մեկուսացած է եւ այժմ պետք է ընտրություն կատարի պարտքի մարման համար առկա միջոցները սպառելու եւ դեֆոլտի միջեւ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: