Յոթ երկրներ պատրաստ են քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջազգային համաձայնագրի բովանդակությունը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսրայելը՝ սրանք դեռ բոլոր երաշխավորները չեն, բայց ես անվանեցի այն երկրները, որոնք պատրաստ են գալ եւ քննարկել անվտանգության երաշխիքների ցանկը։ Որովհետեւ սա առաջին քայլն է։ Հանդիպում այս երաշխավորների հետ, հետո անվտանգության երաշխիքների համատեղ ըմբռնում, հետո արդեն շփում ռուսական կողմի հետ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ երկրների մի մասը պատրաստ է ամբողջությամբ աջակցել Ուկրաինային, իսկ մյուս մասը՝ ոչ, ուստի անհրաժեշտ է խորհրդականների մակարդակով հանդիպում եւ պոտենցիալ փաստաթղթի կետերի քննարկում։

Ընդ որում Զելենսկին հստակեցրել է, որ նման հանդիպում «հաստատ կլինի»։

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Ուկրաինան առաջարկել է իր անվտանգության երաշխիքների նոր համակարգի մասին միջազգային պայմանագիր ստորագրել։ Երաշխավորների թվում պաշտոնական Կիեւը տեսնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Ֆրանսիային, ինչպես նաեւ Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Իտալիային, Լեհաստանին եւ Իսրայելին։