Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությունն, ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը եւ իրականությունն է փաստում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Վերշբոուի հայտարարությունն այն մասին, որ կազանյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։
«Վերշբոուն ընդհանուր առմամբ ճիշտ է ասում, սակայն չի մատնանշում ստեղծված իրավիճակի մեղավորներին, չի ասում, որ հենց Ադրբեջանի պատճառով կազանյան հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվեց, որ հենց Բաքվի ռազմականացումն է բերել շփման գծում լարվածության։
Միջազգային հանրությունն իր անհասցե հայտարարություններով ԼՂ հակամարտության կարգավորմանը չի օգնում։ Միջազգային հանրությունը պետք է տա Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ իր խիստ գնահատականը»,- հայտարարեց Շարմազանովը։
Նշենք, որ Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հուլիսի 28-ին հայտարարել էր, որ արաբաղի շուրջ բանակացություններում արձանագրվել է «մեկ քայլ հետընթաց»:
Նրա խոսքով` հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում հնարավոր չեղավ ապահովել «առաջընթաց», իսկ «լարվածությունը երկու կողմերի շփման գծում աճում է»:
Նրա հաղորդած տեղեկատվության համաձայն` Հայաստանն ու Ադրբեջանը «նախկինի պես ի վիճակի չեն ավարտին հասցնել ղարաբաղյան հարցի հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, եւ մենք մնում ենք ապակառուցողական եւ վտանգավոր անելանալի իրավիճակում»։




























