Եվրոպական միության երկրները պետք է արագացնեն բանակցությունները կլիմայի փոփոխության նոր քաղաքականության շուրջ, ինչպես նաեւ մեծացնեն այդ առաջարկների հավակնությունները՝ ռուսական հանածո վառելիքից հնարավորինս շուտ հրաժարվելու համար, հայտարարել են եվրոպական 11 երկրներ, փոխանցում է Reuters-ը:
Հայտարարությունը գլխավորել է Դանիան եւ ստորագրել Ավստրիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Սլովենիան։
ԵՄ-ն եւ Եվրախորհրդարանը բանակցում են բնապահպանական մի շարք միջոցառումների շուրջ, այդ թվում՝ ԵՄ ածխածնի շուկայի արդիականացումը, մինչեւ 2035 թվականը ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների արգելքը եւ վերականգնվող էներգիայի օգտագործման ընդլայնման ավելի բարձր թիրախները:
Առաջարկությունների նպատակն է մինչեւ 2030 թվականը նվազեցնել ԵՄ ջերմոցային գազերի արտանետումները 55 տոկոսով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ: Սակայն դրանց կապերն էներգետիկ անվտանգության հետ ուշադրության կենտրոնում են հայտնվել, քանի որ ԵՄ-ն նպատակ ունի մինչեւ 2027 թվականը դադարեցնել կախվածությունը ռուսական վառելիքից՝ մասամբ վերականգնվող աղբյուրների եւ էներգիայի խնայողության հաշվին:
«Ժամանակն է համարձակ լինել եւ վճռականորեն առաջ շարժվել դեպի անցումը «կանաչ» էներգիային: Ցանկացած ուշացում կամ տատանում միայն կերկարաձգի մեր էներգետիկ կախվածությունը,- ասվում է ԵՄ 11 երկրների համատեղ հայտարարության մեջ:- Ուստի փաթեթի շուրջ բանակցությունները պետք է արագացվեն, իսկ հավակնություններն ամրապնդվեն»,- հայտարարել են նրանք՝ կոչ անելով երկրներին աջակցել առաջարկներին։
Դանիայի կլիմայի նախարար Դեն Յորգենսենը հայտարարել է, որ երկրները կոչ են անում հնարավորինս շուտ «կանաչ ճանապարհ բացել դեպի ԵՄ էներգետիկ անկախություն ռուսական հանածո վառելիքից»:
Սակայն ոչ բոլոր երկրներն են համաձայն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի իր ածխածնի շուկան՝ արտանետումների կրճատման բլոկի հիմնական գործիքը՝ ի պատասխան էներգակիրների բարձր գների: Լեհաստանը հայտարարել է, որ կլիմայի շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն՝ պատերազմի հետեւանքները գնահատելու համար:
Բրյուսելն ակնկալում է, որ կլիմայական առաջարկները, եթե հաստատվեն, մինչեւ 2030 թվականը կկրճատեն ԵՄ գազի օգտագործումը 30 տոկոսով: Վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության ավելի արագ ընդլայնումը կարող է նաեւ օգնել զսպել էլեկտրաէներգիայի վճարները, որոնք կտրուկ աճել են վերջին ամիսներին գազի բարձր գների ֆոնին:





























