Մեծ առաջընթաց ենք գրանցել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Նա հանդիպումը «շատ արդյունավետ»: «Մենք հիանալի, արդյունավետ հանդիպում ունեցանք»:

«Միասին մենք որոշեցինք հնարավոր խաղաղ համաձայնագրի եւ այդպիսի համաձայնագրի համար անհրաժեշտ բոլոր տարրերի նախապատրաստման գործընթաց սկսել։ Մենք համաձայնեցրել ենք նաեւ սահմանազատման (հայ-ադրբեջանական սահմանի) հարցերով աշխատանքային խումբը, դրանք շատ զգայուն հարցեր են։ Եւ ես վստահ եմ, որ մոտակա շաբաթների ընթացքում մենք կապի ամուր ալիք կստեղծենք, որը թույլ կտա քննարկել այն առաջընթացը, որը կարձանագրվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է նա։

Հարցին, թե որքան կտեւի խաղաղ համաձայնությանը հասնելու գործընթացը, Միշելը նշել է, որ դժվար է կանխատեսել։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ առաջին հանդիպումը անցկացրել է անցյալ տարվա դեկտեմբերին։ «Դա թույլ տվեց կողմերին ավելի լավ լսել եւ հասկանալ միմյանց... Ես հեռախոսազրույցների միջոցով կանոնավոր կերպով կապի մեջ էի ղեկավարների հետ: Մենք շատ ենք պատրաստվել այս հանդիպմանը։

Կարծում եմ՝ մենք շատ ինտենսիվ ենք, առաջընթաց ենք գրանցում։ Ես չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, բայց զգում եմ, որ կա կողմերի  համատեղ կամք՝ առաջընթաց գրանցելու, բացահայտելու այն առաջնահերթությունները եւ կոնկրետ քայլերը, որոնք մենք կարող ենք միասին ձեռնարկել։ Վստահ եմ, որ այսօր մենք կարեւոր քայլ ենք կատարել ճիշտ ուղղությամբ։ Դա չի նշանակում, որ ամեն ինչ որոշված ​​է, սակայն նշանակում է, որ մենք առաջընթաց ենք գրանցել, քանի որ ավելի լավ ենք հասկանում խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն ապահովող համաձայնագրի, հուսամ՝ որքան հնարավոր է արագ, հասնելու համար անհրաժեշտ տարրերը: Այդ գործընթացն այսօր մեկնարկեց»։