Հնդկաստանը կավելացնի ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ուղղաթիռների, տանկային շարժիչների, հրթիռների եւ օդադեսանտային վաղ նախազգուշացման համակարգերի արտադրությունը՝ Ռուսաստանում իր հիմնական մատակարարի մոտ պոտենցիալ դեֆիցիտը լրացնելու համար, հաղորդում է AP-ն:

Հնդկաստանն իր պաշտպանական տեխնիկայի գրեթե 60 տոկոսով կախված է Ռուսաստանից, իսկ Ուկրաինայում պատերազմը խորացրել է կասկածներն ապագա մատակարարումների մասով:

Ըստ պաշտպանական ոլորտի պաշտոնյաների՝ Հնդկաստանը, որն ունի երկրորդ ամենամեծ բանակը, չորրորդ ամենամեծ ռազմաօդային ուժերը եւ յոթերորդ ամենամեծ նավատորմն աշխարհում, չի կարող իրեն պահել ներմուծման հաշվին:

«Մեր նպատակը Հնդկաստանը պաշտպանական արտադրության կենտրոնի վերածելն է»,- ասել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ հրապարակելով այն ռազմական տեխնիկայի ցանկը, որը կարտադրվի երկրում եւ այլեւս չի ներմուծվի: 2100 միլիարդ ռուփիի (28 միլիարդ դոլար) ռազմական պատվերները, ամենայն հավանականությամբ, կկատարեն տեղական պետական ​​եւ մասնավոր ձեռնարկություններն առաջիկա հինգ տարում:

Նախկին գեներալ-լեյտենանտ Դ.Ս. Հուդան ասել է, որ անցյալ տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ երկու կողմերն էլ որոշել են արտադրության մի մասը տեղափոխել Հնդկաստան՝ երկրի կարիքները բավարարելու համար։