Բրյուսելում կայացած հանդիպմանը որոշում կայացվեց, մինչեւ ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկող հանձնաժողով ստեղծել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ:Առաջաինը բուն սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը: Այս թեմայով քննարկումները այդ թվում ՌԴ միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, եւ ի վերջո, այսպիսի փոխզիջումային որոշման հանգեցինք:

Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ու այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանանքերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը ու այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, ու դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել ու փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։  Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: