Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ անձամբ է հետեւում App Store-ի եւ Google Play-ի ռուսական անալոգի մշակմանը։ Նրա խոսքով՝ ռուսական հավելվածների խանութը մինչեւ 2022թ․ ամառը պատրաստ կլինի, այն կաշխատի Android-ով։ App Store-ը եւ Google Play-ը, ինչպես ասել է վարչապետը, շուտով կարող են սահմանափակել մուտքը Ռուսաստանից օգտատերերի համար, գրում է «Կոմերսանտը»։
«Ես անձամբ զբաղվում եմ այդ հարցով։ Մինչեւ ամառ, խոստացել են, արդեն պետք է աշխատի։ Համապատասխանաբար, մեր ծրագրավորողները կստանան իրենց կետը, որի միջոցով նրանք կկարողանան ներբեռնել հավելվածները եւ զբաղվել հետագա զարգացմամբ»,- ասել է Միշուստինը՝ Պետդումայում ներկայացնելով կառավարության զեկույցը (մեջբերումը ՏԱՍՍ-ի):
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարը մշակողներին եւ ծրագրավորողներին կոչ է արել «իրենց էկոհամակարգը» ստեղծել։ «Մենք ամեն ինչ ունենք դրա համար։ Կան այս էկոհամակարգի տարրեր, որոնք լրամշակման կարիք ունեն: Պետք է ստեղծել մեր առցանց խանութը, քանի որ App Store-ը եւ Google Play-ն այսօր արդեն կարող են հավելվածներ ներբեռնելու հնարավորություն չտալ»,- ասել է նա։
Նախագծերով զբաղվող «Թվային հարթակներ» ինքնավար ՀԿ-ի տնօրեն Վլադիմիր Զիկովը մարտի 29-ին հայտնել էր, որ մայիսի 9-ին Ռուսաստանում նախատեսվում է գործարկել Android-ի համար ռուսական NashStore հավելվածների խանութը։ Նրա խոսքով՝ մինչեւ մարտի վերջը ավելի քան 700 ընկերություններ համագործակցել են «Թվային հարթակներ»-ի հետ՝ հավելվածների խանութ ստեղծելու համար։





























