Ֆինլանդիան մի քանի շաբաթվա ընթացքում կհստակեցնի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հետագա քայլերը։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, հաղորդում է Reuters-ը։

Ուկրաինայում ճգնաժամի սկզբից ի վեր անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Ֆինլանդիայում հասարակական կարծիքն արագ փոխվել է,, եւ այժմ մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդմակցությանը։

Եվրամիության անդամ Ֆինլանդիան 1300 կմ ձգվող սահման ունի Ռուսաստանի հետ։

Հաավիստոն հայտարարել է, որ «Ռուսաստանը պատրաստ է գնալ ավելի մեծ ռիսկի իր ռազմական գործողություններում, կարող է արագ մոբիլիզացնել ավելի քան 100 000 զինվորի հարեւան երկրի դեմ եւ քննարկում է իր միջուկային եւ կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունը»:

«Այստեղ մենք գալիս ենք մի իրավիճակի, երբ մեզ կարող է անհրաժեշտ լինել համագործակցություն»,- ասել է նա։

«ՆԱՏՕ-ի կարեւոր գագաթաժողովը տեղի կունենա հունիսին Մադրիդում։ Իհարկե, ՆԱՏՕ-ին հետաքրքրում է, թե արդյոք Ֆինլանդիան եւ, հնարավոր է, Շվեդիան մինչ այդ կներկայացնեն իրենց անդամակցության հայտերը»,- ասել է Հաավիստոն:

Ֆինլանդիան պարբերաբար մասնակցում է պաշտպանական զորավարժություններին հարեւան երկրների՝ Շվեդիայի եւ Նորվեգիայի հետ, հանդիսանում է Մեծ Բրիտանիայի գլխավորած JEF-ի անդամ եւ 2014թ․ միացել է ՆԱՏՕ-ի ընդլայնված հնարավորությունների ծրագրին Շվեդիայի, Ավստրալիայի, Վրաստանի եւ Հորդանանի հետ միասին: