Գերմանիան կարող է դադարեցնել ռուսական նավթի ներկրումն այս տարի, ուրբաթ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում է Reuters-ը:
Շոլցը պատասխանել է լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք նա ամոթի զգացում չի ունենում այն պատճառով, որ ԵՄ երկրները միլիարդներ են վճարում Ռուսաստանին հանածո վառելիքի համար:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք այն ուղղությամբ, որ անկախ դառնանք ռուսական նավթի ներկրումից, եւ մտածում ենք, թե ինչ կարող ենք անել այս տարվա ընթացքում»,- ասել է Շոլցը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վաչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Դա, ինչպես կարող եք պատկերացնել, այդքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար ենթակառուցվածքներ են պետք, որոնք պետք է նախապես կառուցել: Դրանք խողովակաշարեր են դեպի Գերմանիայի հյուսիսային ափեր, ինչպես նաեւ նավահանգիստներ, որոնք թույլ կտան, օրինակ, հեղուկ բնական գազ փոխադրող նավերին այն մատակարարել Գերմանիա»,- հավելել է նա:
Այս շաբաթ Եվրամիությունը հավանության է արժանացրել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները, այդ թվում՝ ածխի ներկրման արգելքն օգոստոսից:
Ռուսական նավթին ներկայում բաժին է ընկնում է Գերմանիայի ներկրումների 25 տոկոսը՝ նախքան ներխուժումը եղած 35 տոկոսի համեմատ, իսկ գազի ներկրումը կրճատվել է 40-55 տոկոսով:




























