Բրյուսելն այն հարթակը չէ, որտեղ ներկայիս իրադրության պայմաններում կլուծվեն հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական հիմնախնդիրները։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ մեկնաբանելով ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումը։
«Այս տարածաշրջանը դեռ գտնվում է ռուսական գոտում, Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայված, ռուս զինվորներ են կանգնած հայ-ադրեջանական սահմանի մի շարք հատվածներում։ Այս պահին բոլոր նրանք, ովքեր կանգնած են սահմանին, կոպիտ ասած, այս գործի «կնքահայրերն» են։
Բայց ո՞րն է բրյուսելյան, արեւմտյան շրջանակների հետաքրքրվածությունը։ Մի կողմից, սա փորձ է՝ ապացուցելու, որ նրանք գոյություն ունեն, մյուս կողմից՝ զարգացնելու իրավիճակը եւ ստուգելու, թե ինչ հնարավորություններ կան, քանի որ նրանց՝ ո՛չ Բրյուսելին, ո՛չ Արեւմուտքին, գլոբալ առումով չեն հետաքրքրում ո՛չ արցախյան, ո՛չ հայ-ադրբեջանական հարցերը։ Նրանց հետաքրքրում է, թե ինչ իրավիճակ կարելի է այստեղ ստեղծել՝ ստիպելու Ռուսաստանին լքել տարածաշրջանը»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակն էլ ավելի է սրվել ուկրաինական պատերազմից հետո։
«Մենք տեսնում ենք, որ Արեւմուտքի նպատակը դա է։ Նրանց հիմնական նպատակն այստեղ ռուսների կյանքը թունավորելն է»,- նշեց վերլուծաբանը։











