Կա արցախյան հարց՝ անկախ հայ-ադրբեջանական հարցից։ Այս պահի դրությամբ հայկական կողմը գտնվում է ջախջախված վիճակում, եւ հենց դրա պատճառով արցախյան պատերազմից հետո ռուսական կողմը բազմիցս նշել է, որ Արցախի կարգավիճակի հարց կա, սակայն այս հարցի քննարկումը պետք է սառեցնել։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Որովհետեւ, եթե դու ջախջախված կողմ ես եւ չես տիրապետում որեւէ ռեսուրսի, դու չես կարող այս հարցը քո օգտին լուծել։ Այսօր բոլոր նրանք, ովքեր բարձրացնում են Արցախի կարգավիճակի որոշման հարցը, Արցախը հանձնում են Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը ճնշման ռեսուրսներ ունի, ճնշման բազմաթիվ ռեսուրսներ կան՝ ընդհուպ ռազմական գործողությունների վերսկսումը։ Մի կողմից՝ ադրբեջանական 120-130 հազարանոց բանակը, որը Արցախյան երկրորդ պատերազմից հետո էլ ավելի է ամրապնդել իր նյութական ու ռազմական ռեսուրսները, մյուս կողմից՝ հայկական կողմը ջախջախված է, եւ այս երկու տարվա ընթացքում իրական բանակ կառուցելու փոխարեն, նույնիսկ ունեցածն է կորցնում։ Այսօր այս ամբողջ բանակը փաստացի քայքայված վիճակում է գտնվում եւ անգամ գլխավոր շտաբի պետ չունի»,- ընդգծեց վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ սա արդեն ցույց է տալիս, թե ինչ վիճակում է հայկական բանակը։
«Կարելի է ասել, որ Ադրբեջանն այս պահին գտնվում է իր թռիչքի գագաթնակետին, ուստի ուզում է առավելագույնը ստանալ: Դրանով է պայմանավորված նրա ճնշումը՝ խաղաղության պայմանագիր, Արցախի կարգավիճակ։ Նա ասում է, որ կարգավիճակ չկա ու սրանով սահմանափակվեք։ Դիմադրության ռեսուրսներ չունենալով՝ ի՞նչ պիտի որոշեք»,- ասաց փորձագետը։
Նա հիշեցրեց միջազգային հարթակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ դիրքորոշումներն արտահայտող հայտարարություններն ու քննարկումները, եւ այս ամենի հետ մեկտեղ, երբ նա խոսում է Արցախի կարգավիճակը որոշելու անհրաժեշտության մասին, անհնար է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է Արցախի անկախության ճանաչման համար։





























