Շվեդիայի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Շվեդական դեմոկրատները», կարող է փոխել իր դիրքորոշումը եւ աջակցել ՆԱՏՕ-ին թագավորության միանալու գաղափարին, եթե հարեւան Ֆինլանդիան հետեւի այս կուրսին։ Svenska Dagbladet թերթին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել կուսակցության առաջնորդ Յիմի Ակեսոնը։

«Եթե Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի, ես մտադիր եմ դիմել կուսակցության խորհրդին՝ կոչ անելով փոխել մեր դիրքորոշումը»,- մեջբերում է թերթը քաղաքական գործչին։

«Շվեդիայի դեմոկրատները» երկրում երկրորդ խոշոր ընդդիմադիր կուսակցությունն է։ Եթե այն աջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու գաղափարին, ապա այս նախաձեռնությունը կկարողանա խորհրդարանական մեծամասնություն ստանալ։ Ակեսոնի խոսքով՝ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հեռանկարի նկատմամբ իր վերաբերմունքը վերանայել նրան ստիպել է այն փաստը, որ Ֆինլանդիան, ըստ ամենայնի, մտադիր է նույնպիսի քայլ կատարել։

Ավելի վաղ Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում կվերանայի քայլերը՝ կապված դաշինքին երկրի հնարավոր անդամակցության հետ։ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների սկզբից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը, դատելով հարցումներից, ավելի ու ավելի մեծ աջակցություն է գտնում Շվեդիայի բնակչության շրջանում։

Այսպես, շվեդական Aftonbladet թերթի եւ Demoskop գործակալության հարցման համաձայն, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության կողմնակիցների մասնաբաժինը մարտի 4-ի դրությամբ առաջին անգամ կազմել է 51 տոկոս, այսինքն՝ երկրի բնակչության կեսից ավելին, գրում է Deutsche Welle-ն։