Սեպտեմբերից Երեւանում (Չարբախում) կգործի աղբի վերամշակման գործարան։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Քլինլենդ» ընկերության PR պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ գործարանում վերամշակվելու են պլաստիկ եւ թուղթ, իսկ ապակին եւ մետաղը կուղարկվեն Հայաստանում գործող այլ գործարաններ։
Նշենք, որ ներկայումս ընկերության աղբի տեսակավորման կայաններ են գործում Վանաձորում եւ Գյումրիում, նախատեսվում է նման կայան հիմնել նաեւ Հրազդանում։
«Ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` առաջիկա 25 տարիներին վերոնշյալ քաղաքներում կուտակված ողջ կենցաղային աղբը պետք է տրամադրվի մեր ընկերությանը, որն ամեն ամիս 3 մլն դրամ պետք է հատկացնի քաղաքային բյուջեին»,-ասաց Ա. Ավետիսյանը։ Ըստ նրա՝ տեսակավորված աղբն այնուհետ կվերամշակվի Երեւանում։
«Աղբի տեսակավորման եւ վերամշակման գործընթացը հնարավորություն կտա խուսափել բնության աղտոտումից, բացի այդ` առկա օգտակար նյութերը կվերամշակվեն եւ նորից շրջանառության մեջ կդրվեն»,-ասաց Ա. Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն ստեղծել է շուրջ 80 աշխատատեղ, իսկ ընդհանուր առմամբ կստեղծվեն շուրջ 200 աշխատեղ, այդ թվում` «Փյունիկ» հաշմանդամների միության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գործարանում աշխատելու հնարավորություն ունեն հաշմանդամները։
Աղբի վերամշակման սարքավորումների մի մասը բերվել է Հայաստան, իսկ մնացած սարքավորումները Հայաստանում կլինի մինչ սեպտեմբեր։ Նշենք, որ ընդհանուր առմամբ ծրագրի համար ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1մլրդ դրամ։


































