Ռազմական տեխնիկա արտադրող Rheinmetall ընկերությունը պատրաստվում է մինչեւ 50 օգտագործված Leopard 1 մարտական տանկ տրամադրել Ուկրաինային, գրում է Handelsblatt թերթը՝ հղում անելով կոնցեռնի գլխավոր տնօրենին։

Rheinmetall-ը առաջին տանկերը վեց շաբաթից կարող է մատակարարել, իսկ մնացածը` հաջորդ երեք ամսվա ընթացքում՝ իր Rheinmetall Italia դուստր ձեռնարկության միջոցով, եթե կանաչ լույս ստանա Գերմանիայի կառավարությունից, ասել է գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը:

Նրա խոսքով, ուկրաինացի զինվորները կարող են մի քանի օրվա ընթացքում սովորել Leopard 1-ի վրա, եթե արդեն որակավորված զինվորականներ են։

Գերմանացի որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ ուկրաինացիներին արեւմտյան զենքի հետ վարվելու ձեւը սովորեցնելը չափազանց երկար ժամանակ է պահանջում, եւ ավելի լավ է միանգամից ուղարկել այնպիսի սարքավորումներ, որոնցով կարող են աշխատել:

Handelsblatt-ը հայտնել է, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների, կանաչների եւ ազատ դեմոկրատների կոալիցիոն կառավարության քաղաքական գործիչները դեմ չեն Leopard տանկերի հնարավոր մատակարարմանը:

«Leopard 1-ի վրա պետք է ավելի ինտենսիվ սովորել։ Բայց եթե ուկրաինացիներին տանկ է պետք, նրանք պետք է ձեւը գտնեն»,- թերթին ասել է ազատ դեմոկրատների խորհրդարանական խմբի պաշտպանական քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Մարկուս Ֆաբերը:

Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը երկուշաբթի օրն ասել է, որ Գերմանիայից զենքերը պետք է արագ մատակարարվեն Ուկրաինային, քանի որ «արեւելքից ռուսական հարձակումն անխուսափելի է»։