Հնարավոր դեֆոլտի նախօրեին ԱՄՆ-ում կրքերը շիկանում են: ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 8 ձայնի տարբերությամբ հավանության է արժանացրել հանրապետականների առաջնորդ Ջոն Բեյների օրինագիծը, որով երկրի պարտքային շեմի բարձրացումը կապվում է բյուջետային ծախսերի` 900 մլրդ դոլարով կրճատման հետ:
ԱՄՆ վարչակազմը, սակայն, Բեյների ծրագիրը, որը նաեւ փոփոխություններ է նախատեսում Սահմանադրությունում, «մեռած» է համարել:
Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», այդ մասին քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: « Բացառապես հանրապետականների աջակցությունն ստացած օրինագիծը մի քանի ամսից մեզ նոր ճգնաժամի առջեւ է կանգնեցնելու:
Սենատ մտնելուն պես այն հայտարարվել է մեռած»,-ասել է Քարնին: Նա նաեւ կոչ է արել առաջնորդներին սկսել փոխզիջման հասնելու ուղղությամբ համատեղ աշխատանքները, ինչը թույլ կտա խուսափել դեֆոլտից եւ «հիմնված կլինի պակասուրդի հավասարակշռված կրճատման վրա»:
Հիշեցնենք, որ եթե պարտքի շեմը չբարձրացվի, ԱՄՆ-ը օգոստոսի 2-ին ստիպված կլինի հայտարարել տեխնիկական դեֆոլտի մասին:




























