Իտալիան եւ Ալժիրը համաձայնագրեր են ստորագրել էներգետիկ կապերի ամրապնդման եւ էներգակիրների արտահանման ավելացման վերաբերյալ, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ գործարքները կարեւոր քայլ դարձան Իտալիայի՝ ռուսական գազից կախվածության նվազեցման գործում: «Դրանց կհետեւեն մյուսները»,- ասել է նա լրագրողներին Ալժիրում Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ հանդիպումից հետո:

Իտալիան անցյալ տարի Ռուսաստանից մոտ 29 միլիարդ խորանարդ մետր գազ էր գնել, ինչը կազմում է գազի ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը։

Դրագիի խոսքով՝ Ալժիրի հետ գազային պայմանագիրը ստորագրել են երկրի էներգետիկ առաջատար խաղացողներից երկուսը` Eni-ն եւ Sonatrach-ը: Գործարքի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվել:

Դրագին ասել է, որ Իտալիան պատրաստ է աշխատել Ալժիրի հետ՝ վերականգնվող էներգիայի եւ կանաչ ջրածնի զարգացման ուղղությամբ:

Էկոլոգիական անցման նախարար Ռոբերտո Չինգոլանին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Իտալիան ակնկալում է այս տարի խողովակաշարերով լրացուցիչ 10 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ Ալժիրից, Լիբիայից եւ Ադրբեջանից։ Բացի հարավից խողովակաշարերի թողունակության ավելացումից, երկիրը ձգտում է ավելացնել հեղուկ բնական գազի ներմուծումն այնպիսի շուկաներից, ինչպիսիք են Կատարը, ԱՄՆ-ն եւ Մոզամբիկը: