Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վարքը, որը հանեց խորհրդարանի ամբիոնին իմ տեղադրած Արցախի դրոշը, համահունչ է խորհրդարանական մեծամասնության վարած քաղաքականությանը։ Նա ադեկվատ չէ իր գործողություններում։ Այս մասին ապրիլի 12-ին NEWS.am-ին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Իշխանությունների գործողությունները, ըստ նրա, չեն համապատասխանում ստեղծված իրավիճակին։

Օհանյանն ավելացրել է, որ իշխանություններն այս ամբողջ ընթացքում մերժել են ընդդիմության առաջարկները Արցախի անհետաձգելի հարցերի լսումներ, քննարկումներ, այդ թվում՝ անվտանգության վերաբերյալ, անցկացնելու մասին։

«Նրանք նման վարքագիծը բացատրում են լարված իրավիճակով, որը մշտական բնույթ է կրում։ Դա նշանակում է, որ մենք չպե՞տք է զբաղվենք մեր գործունեությամբ։ Խորհրդարանի գործողությունները պետք է համահունչ լինեն Հայաստանի ռազմաքաղաքական իրավիճակին»,- նշել է խմբակցության ղեկավարը։

Օհանյանը իշխանություններին կոչ է արել գոնե մեկ անգամ գնահատական տալ Արցախի իրավիճակին, Արցախի շուրջ իրավիճակին, Հայաստանում եւ Հայաստանի շուրջ իրավիճակին, մանավանդ երբ նկատվում է սրացում սահմանին կամ սահմանամերձ բնակավայրերում։

Նախկին նախարարը պարզաբանել է, որ Արցախի դրոշի տեղադրումը Հայաստանի համայնքներում կրում է խորհրդանշական բնույթ՝ ընդունելով, որ միայն դրոշը չէ, որ պետք է ստիպի հատուկ ուշադրություն հատկացնել Արցախին։

«Դրոշը պատվի, արժանապատվության խորհրդանիշն է։ Դա ինքնատիպ ակցիա էր՝ Արցախին ավելի սեւեռուն ուշադրություն հատկացնելու նպատակով։ Իրադարձությունների վերջին զարգացումը մեզ թույլ է տալիս ասել, որ իշխանությունները Արցախի վերաբերյալ որեւէ համարժեք հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Բոլոր միջոցառումները, հանդիպումները, հայտարարությունները, իշխանությունների նախաձեռնությունները կուրորեն մեզ տանում են թուրք-ադրբեջանական պատրանքի ուղիով եւ համահունչ են այսպես կոչված «խաղաղության դարաշրջանին»։ Դրանք դատարկ խոսակցություններ են, որոնք կհանգեցնեն հերթական հարկադրանքին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»,- ընդգծել է նա։

Օհանյանի համոզմամբ՝ Հայաստանի ներկա իշխանությունները հերթական անգամ երկիրը տանում են պարտության, նվաստացման, ինքնիշխանության կորստի, ղարաբաղյան խնդրի վատթարացման։

«Արցախի ժողովուրդը իր ապագայի հարցում անորոշության վիճակում է։ Եվ ահա այսպիսի պայմաններում կառավարող մեծամասնության պատգամավորը հանում է Արցախի դրոշը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից։ Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները «լվացել են ձեռքերը» Ղարաբաղից։ Ես լսել եմ նաեւ մեկնաբանություններ Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մեր իրականացրած ակցիաների մասին, որոնք իբր վնաս են հասցնում։ Այդ երբվանի՞ց այցելությունները Ղարաբաղ սկսեցին վնաս հասցնել Ղարաբաղին կամ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին»,- ընդգծել է նա։

Օհանյանը վստահություն է հայտնել, որ դա, հակառակը, օգնում է, սթափեցնում։

«Եթե իշխանությունները գոնե մի փոքր խելք ունենային, կօգտվեին ընդդիմության գործնական քայլերից։ Արցախի իշխանությունները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները ոչնչ չեն անում, որպեսզի աջակցեն իրենց։ Միայն սոցիալական աջակցությունը ոչինչ չի տա։ Առաջին հերթին անհրաժեշտ է լուծել անվտանգության հարցը, ցուցաբերել (քաղաքական- խմբ.) աջակցություն, բարձրացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունների մակարդակը»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձինս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, բոյկոտել էր Ազգային ժողովի լիագումար նիստերի հերթական քառօրյան։ Դրանից առաջ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Հայաստանի խորհրդարանի ամբիոնին տեղադրել էր Արցախի դրոշը։