Այսօր առավոտյան Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խորհրդարանական խմբակցությունների հայտարարած գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ նման բոլոր դրսեւորումները ոչ միայն սպառնում են Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությանը, այլեւ վնասում են մեր պետության ներքին կայունությանը։ Այս մասին ապրիլի 12-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ 2018թ․ հեղափոխություն կատարած սերունդն այլեւս չի կարող հանդուրժել աղքատությունն ու նվաստացումը։
«Մեր երկրի սահմանները արյամբ են գծված եղել։ Վաղվա նկատմամբ վստահություն եւ ապագայի հույս՝ ահա ինչը պետք է լինի շարժիչ ուժը: Հենց սա թույլ կտա մեզ գործել ստեղծված իրավիճակում։ Մենք պետք դադարենք կեղծել պետության հանդեպ սերն ու դատարկ խոստումներ հնչեցնել մայրաքաղաքի հրապարակներում։ Պետք է կտրականապես հրաժարվել մտացածին արժեքներից»,- ասաց Քոչարյանը։





























