Թեհրանը կրկին հիշեցրել է իր կարմիր գծերի մասին, բայց ոչ պաշտոնապես։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ մեկնաբանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունը։

Նրա խոսքով՝ տվյալ հայտարարությունը կարելի է պաշտոնական համարել միայն մասամբ, քանի որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ուղղակի դիմում չի եղել։ Բոլոր կոչերն ու տեսանյութերը, ըստ իրանագետի, հրապարակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած ինտերնետային ռեսուրսների կողմից, բայց ոչ ավելին։

«Ամեն դեպքում մենք գործ ունենք իրանական կողմի հերթական նախազգուշացման հետ։ Ըստ էության, Թեհրանը հերթական անգամ հիշեցրել է իր կարմիր գծերի մասին, սակայն վերջերս հրապարակված տեսանյութի մեխն այս անգամ Հայաստանի Սյունիքի մարզն էր։ Ըստ ամենայնի, Իրանը մտահոգված է Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակով։ Նրանք վտանգ են զգում, եւ դա է պատճառը, որ ակտիվացել են»,-պարզաբանեց Միսակյանը։