Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կայցելի Կոնգոյի Հանրապետություն եւ Անգոլա եւ, ինչպես ակնկալվում է, էներգակիրների մատակարարման շուրջ նոր համաձայնագրեր կկնքի ռուսական գազից երկրի կախվածությունը նվազեցնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։
Դրագին կայցելի երկու երկրներ ապրիլի 20-ին կամ 21-ին, հայտնել են աղբյուրները:
Նպատակը մոտ 9 միլիարդ խմ նոր գազ ստանալն է առաջիկա մեկ-երկու տարում, հայտնել է աղբյուրը։
Իտալիան ստանում է իր գազի ներմուծման մոտ 40 տոկոսը Ռուսաստանից եւ ողջ ուժով փորձում է դիվերսիֆիկացնել էներգամատակարարման իր կառուցվածքը, քանի որ Ուկրաինայում հակամարտությունը ձգձգվում է:
Երկուշաբթի Դրագին գործարք է կնքել 2023-24թթ․ Ալժիրից գազի ներմուծումը 9 միլիարդ խմ-ով ավելացնելու վերաբերյալ՝ փոխարինելու Ռուսաստանից Իտալիայի ստացած 29 միլիարդ խմ-ի մի մասը:
Աֆրիկայում էներգիայի ամենախոշոր արտասահմանյան արտադրող Eni ընկերությունը Կոնգոյի Հանրապետությունում կկառուցի հեղուկացված բնական գազի արտադրության երկու գործարան, որոնք կարող են ամբողջական շահագործման դեպքում արտադրել 5 միլիարդ խմ հեղուկացված բնական գազ։


























