2021 թվականը հետպատերազմական առաջին տարին էր, ու տարվա ընթացքում ունեցել են լրջագույն ձախողումներ և լրջագույն ձեռքբերումներ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կխոսի ձեռքբերումների, ձախողումների մասին, կանի ինքնախոստովանություններ:

«Բայց ոչ միայն դրանք արձանագրելու, այլև Ազգային ժողովի  բարձր ամբիոնում գտնվելու պատեհությունն օգտագործելով՝ երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության, այսպիսով նաև հանրության առաջ ինքնախոստովանություններ անելու, տեղի ունեցած պատերազմի և պարտության  պատճառահետևանքային կապերը լուսաբանելու և հնարավոր լուծումների մասին խոսակցություն  հարուցելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

»2021-ի մեր ձեռքբերումներից անկյունաքարայինը խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին: Աղետալի պատերազմից հետո եղած ընտրություններն ի ցույց դրեց մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը եւ արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրավարությանն ու ժողովրդավարական արժեքներին:

Բազմիցս ասել եմ, հիմե եւս կրկնեմ, որ Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ 2021-ի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց, ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ: 44-օրյա պատերազմից հետո հանրային հուզումների ու ալեկոծությունների,  հարձակումների ու սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու եւ պաշտպանելու ուժ գտավ իր մեջ արտահերթ ընտրությունների գնալով:

Այդ ընտրություններին գնալով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, այլեւ միջազգային ինստիտուտների գնահատմամբ, ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք»,-ասաց Փաշինյանը: