Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վախենում է իր և իր ընտանիքի անվտանգության համար։ Այս մասին հաղորդել է «Մայակը»` վկայակոչելով «Corriere della Sera» իտալական թերթին: Բեռլուսկոնին պարզաբանել է, որ այդ վախը կապված է Լիբիայի առաջնորդ Քադաֆիի սպառնալիքների հետ, ով խոստացել էր վրեժխնդիր լինել Լիբիայում ռազմական գործողություններին Իտալիայի մասնակցության համար: Իտալիայի վարչապետը հիշեցրել է, որ Տրիպոլիում ցույցերի մասնակիցները Բեռլուսկոնիի եւ Քադաֆիի լուսանկարներով պաստառներ էին տանում: «Եվ Քադաֆին մեր մասնակցությունը ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում համարել է դավաճանություն»,- ասել է նա:
Նա ասել է, որ ռազմական գործողության սկզբնական փուլում Իտալիան դեմ է եղել հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը, սակայն հետագայում ԱՄՆ–ի ճնշման տակ նա ստիպված է եղել նահանջել:




























