Ռազմական ինստիտուտի սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Պնախարար Սեյրան Օհանյանը՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հուլիսի 30-ին 308 շրջանավարտների լեյտենանտի կոչում հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ։ NEWS.am-ին այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
«Դուք, համալրելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, նոր ու հաստատուն քայլերով զարկ եք տալիս մեր բանակի հզորացմանը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են եւ լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին:
Նախախարի խոսքով, սպա լինելը աշխարհայացք է, իսկ զիվորական լինելը՝ ապրելակերպ: «Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, պատասխանատու»,- ընդգծել է նախարարը։
Անդրադառնալով սպաների սոցիալական ապահովության հարցերին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսուհետ, սպաների եւ նրանց ընտանիքների խնդիրները լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:
Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան այլ զինվորականներ։




























