Մոտ 500 աֆղան զինվորներ, պաշտոնյաներ եւ քաղաքացիական անձինք են անհետ կորել կամ սպանվել թալիբների նախաձեռնած մարդկանց որոնման արշավի շրջանակներում, ովքեր նախկինում համագործակցել են կառավարության հետ: Նման եզրակացության է հանգել The New York Times-ը, որն իր սեփական հետաքննությունն է անցկացրել:
Պարբերականն ուշադրություն է հրավիրում, որ թալիբները համաներում էին խոստացել նախկին պետական ծառայողներին եւ ազգային անվտանգության ուժերի անդամներին։ Սակայն, գրում է NYT-ը, մի շարք դեպքերում այդ խոստումները խախտվել են։
«Շարժման առաջնորդները պնդում էին, որ ողորմած կլինեն նրանց նկատմամբ, ով դեմ է հանդես եկել իրենց՝ համընդհանուր համաներում հայտարարելով։ Որոշներին նույնիսկ երաշխիքային նամակներ են գրել, որ վրեժ չեն լուծի իրենց վաղեմի հակառակորդներից»,- ասվում է հետաքննության բացման խոսքում։





























