Հայոց բանակն ամենադժվար փուլում է գտնվում, եւ առաջիկա վերափոխումները հեշտ չեն լինելու: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանն ու նրա զինված ուժերը, ինչպես նա նշեց, փշոտ ու չափազանց բարդ ճանապարհ են բռնել։ «Այն, ինչ մենք պետք է անենք, եւ այն բարեփոխումները, որոնք պետք է իրականացնենք, հեշտ ճանապարհ չէ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ ունենք, եւ ամեն ինչ պետք է անենք դրանք հաղթահարելու համար։ Հենց այս պատճառով էլ ես որոշում կայացրեցի, ըստ որի Հանրապետության պաշտպանության նախարար պետք է դառնա այն անձը, որը գործող քաղաքական թիմի ներկայացուցիչ է։ Եւ հիմա, հետ նայելով, ափսոսում եմ, որ այս որոշումը շուտ չեմ կայացրել։ Սակայն վստահ չեմ, որ ի սկզբանե անհրաժեշտ էր այդպես վարվել»,- ասաց Փաշինյանը:




























