Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ պատժամիջոցների եւ գնորդների՝ ռուսական նավթից հրաժարվելու ազդեցությունը լիովին կզգացվի մայիսից, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ Չինաստանում պահանջարկի ակնկալվող անկումը, ՕՊԵԿ+-ի եւ այլ արտադրողների արդյունահանման ավելացումը եւ ԱՄՆ-ի եւ ՄԷԳ անդամ դաշնակիցների կողմից նավթի արտակարգ պաշարների ռեկորդային թողարկումը պետք է կանխեն լուրջ դեֆիցիտը:
Այժմ ակնկալվում է, որ համաշխարհային պահանջարկը բալանսավորված կլինի երկրորդ եռամսյակում՝ օրական 98.3 միլիոն բարելի մատակարարմամբ, հավելել են գործակալությունում, ինչը կարող է նվազեցնել էներգակիրների գների աճող գնաճը: Ավելի վաղ ակնկալվում էր, որ շուկայական բալանս կգրանցվի չորրորդ եռամսյակում։
«Այս պահին մենք ենթադրում ենք, որ (ապրիլին) կորուստներն ամսական միջինում 1.5 միլիոն բարելի կհասնեն, քանի որ ռուսական նավթավերամշակման գործարանները շարունակում են դանդաղեցնել տեմպերը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Որոշ գնորդներ, հատկապես՝ Ասիայում, ավելացրել են ռուսական նավթի գնումները, սակայն Չինաստանից գնումների ավելացման նշաններ դեռեւս չկան, հավելել են ՄԷԳ-ում։
Չինաստանում կորոնավիրուսային լոքդունը եւ առաջին եռամսյակում սպասվածից ավելի թույլ պահանջարկը, հատկապես՝ ԱՄՆ-ում, դրդեցին ՄԷԳ-ին նվազեցնել նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը տարվա համար օրական 260.000 բարելով:
«ՕՊԵԿ+-ի մերձարեւելյան անդամներից, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ից եւ ՕՊԵԿ+-ի անդամ այլ երկրներից ավելի ցածր պահանջարկի ակնկալիքները եւ արտադրության կայուն աճը պետք է շուկան բալանսի վերադարձնեն», - ասվում է ՄԷԳ-ի հայտարարության մեջ:
ՕՊԵԿ+-ի կուտակային արդյունահանումը մարտին 1.5 միլիոն բարել է կազմել օրական ցածր իր նպատակային ցուցանիշից, ինչն ամենամեծ պակասն է այն բանից հետո, երբ արտադրող խումբը կրճատումներ սահմանեց 2020 թվականի մայիսին, հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ ակնկալում է, որ դեֆիցիտը կավելանա:
Միացյալ Նահանգները եւ 31 անդամներից բաղկացած ՄԷԳ-ի մյուս անդամները պարտավորվել են վերջին շաբաթներին համատեղ 240 միլիոն բարել նավթ ազատել արտակարգ պահեստներից:


























