Ղարաբաղի կառավարությանն ու քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնականոն կյանքի ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը 2020 թվականի նոյեմբերից սկսած եւ 2021 թվականի ընթացքում իրականացրել է ավելի քան 20 միջոցառում՝ ավելի քան 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից 120 մլրդ դրամը տրամադրվել է 2021թ.: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, որ պետությունն արդեն 2020 թվականի վերջին անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում է երաշխավորել Ղարաբաղում ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին։

«Ամբողջ 2021 թվականի ընթացքում եւ առ այսօր Երեւան-Ստեփանակերտ երթուղով անվճար ուղեւորափոխադրումներ են ապահովվում։ Միայն 2021 թվականին այդ նպատակների համար հատկացվել է 175 մլն դրամ։ Այս ընթացքում իրականացվել է շուրջ 590 փոխադրում, որոնցից օգտվել է ավելի քան 25000 մարդ»,- ասաց փոխվարչապետը։