Ֆրանսիայի նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենը դեմ է Ուկրաինա զենքի հետագա առաքմանը, հայտնում է Independent-ը։
Պատասխանելով Ուկրաինային ռազմական օգնության մասին հարցին՝ Լը Պենն ասել է, որ ընտրվելու դեպքում ինքը կշարունակի պաշտպանական եւ հետախուզական աջակցություն ցուցաբերել։
«Բայց ես ավելի զուսպ եմ զենքի ուղղակի մատակարարումների հարցում: Ինչո՞ւ։ Որովհետեւ․․․ պատերազմող կողմերից մեկին օգնելու եւ միանալու սահմանը շատ բարակ է»,- ասել է նա՝ վկայակոչելով այն մտավախությունները, որ «այս հակամարտության սրումը կարող է հանգեցնել մի շարք երկրների ռազմական պարտավորության»:
Չորեքշաբթի ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտարարել էր, որ Ֆրանսիան վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինային 100 միլիոն եվրոյի զենք է ուղարկել։
Լը Պենը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է ավելի անկախ դառնա ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ից։ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո լավ կլինի ՆԱՏՕ-ն ձգտի Ռուսաստանի հետ «ռազմավարական մերձեցման», ասել է նա։ Նման հարաբերությունները «կբխեն Ֆրանսիայի, Եվրոպայի եւ նույնիսկ Միացյալ Նահանգների շահերից», քանի որ կխանգարեն Ռուսաստանին ավելի ամուր դաշինք կնքել Չինաստանի հետ», նշել է նա:





























