«Վրաստանն ու Ադրբեջանը պետք է պաշտպանեն միմյանց` հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու ընդհանուր պատմությունը: Մենք ընդհանուր հայացքներ եւ շատ ամուր կապեր ունենք»: Այս մասին նշվում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մեկնաբանության մեջ, որն Ադրբեջանի անկախության 20- ամյակի կապակցությամբ հրապարկվել է «The Business Year» - «The Business Year - Azerbaijan 2011» ամսագրում, հաղորդում է 1news.az-ը:
«Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունենրի հետ կապված, եւ Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը մեր միասնության մեջ է, եւ դա պարզապես խոսք չէ, այլ իրականություն»,-ընդգծել է Վրաստանի նախագահը:
Սահակաշվիլին հատկապես ընդգծել է Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթուղու կառուցման նշանակությունը: Նրա խոսքով` այդ նախագիծը վկայում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին, քանի որ «բոլորովին նոր ռազմավարական կապ է ստեղծվում ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, այլեւ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի եւ Եվրոպայի հետ»:
«Ըստ էության, ստեղծվում է «Մետաքսի ճանապարհի» ժամանակակից տարբերակը: Այդ նախագիծն, անկասկած, երաշխավորում է մեր երկրների երկարատեւ հաջող զարգացումը: Մեր հարաբերություններն ավելին են, քան սովորական կապերը»,-նշել է Սահակաշվիլին:




























