Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կարծում է, որ Եվրոպան պետք է ջանքեր գործադրի եւ համոզի Կիպրոսի Հանրապետությանը լուծել բաժանված կղզու խնդիրը՝ ելնելով ԵՄ գազի մատակարարման շահերից։ Այդ մասին նա ասել է NTV հեռուստաալիքի եթերում։
«Արեւելյան Միջերկրական ծովից Եվրոպա գազ հասցնելու ամենատնտեսող ճանապարհը Թուրքիայի միջով է։ Այս տարածաշրջանում արտադրվող էներգառեսուրսների հավասար բաշխումը օգուտ կբերի բոլոր կողմերին։ Իսկ ո՞վ կհամոզի Կիպրոսի հունական հատվածին կոնկրետ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ։ Թող Եվրամիությունը համոզի։ Չէ՞ որ նրան հիմա գազ է պետք»,-ասել է նա։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ավելի վաղ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը» առաջարկել է ռեսուրսների եւ դրանցից ստացվող եկամուտների հավասար բաշխման վերաբերյալ համաձայնագրերի մի քանի տարբերակներ։ «Հունական կողմը չի համաձայնել դրանց հետ։ Եվ մենք այս մասին խոսել ենք ԵՄ-ի եւ այլ կողմերի հետ։ Ի վերջո, պարզ չէ, թե որքան ժամանակ կարող է տեւել քաղաքական կարգավորման գործընթաց։ Նիկոսիան ասում է, որ նոր տարբերակներ կառաջարկի։ Տեսնենք՝ ինչ առաջարկներ կլինեն»,-նշել է նա։
Չավուշօղլուի խոսքով՝ համաշխարհային էներգետիկ շուկայում լարված իրավիճակի եւ դրանց փոխադրման հետ կապված դժվարությունների պատճառով դիտարկվում են վառելիքի մատակարարման նոր ուղիներ։
Չավուշօղլուի խոսքով՝ ինքը մտադիր է Իսրայել իր այցի ընթացքում քննարկել Միջերկրական ծովում արդյունաբերության հարցերը։ Նման այց նախապես նախատեսված էր, սակայն չի կայացել կազմակերպչական խնդիրների ու ղեկավարության գրաֆիկների անհամապատասխանության պատճառով։ Նրա խոսքով՝ այժմ նման այց քննարկվում է։




























