Երեկվա իմ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության համար և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում, կառավարության 2021թ. ծրագրի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի համար և Արցախի համար: Մենք Հայաստանի և Արցախի համար ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահպանելու։ Որովհետև էկզոտիկ մտքեր են հնչում, և հնչել են այդ մտքերը, որպես սպառնալիք է հնչեցվում, որ եթե այսպես չլինի, այնպես չլինի և այլն,  Ղարաբաղի ժողովրդին կհանենք Ղարաբաղից կամ դուրս կգա Ղարաբաղի ժողովուրդը:

Այնպիսի տպավորություն է՝ մարդիկ կան, որ երազում են, որ Ղարաբաղից ժողովուրդն օր առաջ դուրս գա: Ոչ, մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը չպետք է դուրս գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ: Սրա մասին է խոսքը, և մենք, այո՛, այդ տարածությունը բացել ենք»,-ասաց նա: