Ինչքա՞ն կարելի է զոհվածների էմոցիաների վրա խաղալ. ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել, և ես գիտեմ ու ասացի՝ մեր նահատակներն ինչի համար են ընկել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընկել են, որ մեզ պարտադրեն, որ մենք թույլ չտանք, որ մեզ պահեն դարերով մատաղացու գառան կարգավիճակում։ Մենք պետություն ենք, երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք հպարտ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունենք, բայց այդ մեր պատմությունը պետք է ինքներս գրենք և սովորենք, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն մեր պատմությունը և մատուցեն այդ պատմությունը մեզ»,-ասաց նա:
Նա շատ ճիշտ համարեց հարցադրումը, թե իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ է խաղաղություն կամ Ադրբեջանի համար որքանո՞վ է ընդունելի այն, ինչ մենք ասում ենք. «Շատ ճիշտ մտահոգություններ են, բայց խոսքն ուրիշ բանի մասին է. երբ ես ասում եմ, որ մենք մեր առաջ տարածություն ենք բացել, ի՞նչ նկատի ունեմ՝ նկատի ունեմ, լավ, ի վերջո, մենք պետք է օրակարգ բերենք հարցեր, մենք պետք է բովանդակությամբ լցնենք տարածաշրջանային օրակարգը։ Դա էլ նույն գործընթացի մաս է:
Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն և մատուցեն, հասկանո՞ւմ եք՝ մենք օրակարգ չենք պարտադրել։ Ինչո՞ւ և որքա՞ն ենք մենք պահել հողեր՝ պահել ենք այնքան և որովհետև, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել: Եկեք սա հասկանանք, լավ, ինչքան կարելի է: Կրկին Ավագ Ուրբաթ և Աստվածաշունչն ասում է՝ պիտի նայես, պիտի նայես և պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես և պիտի չիմանաս: Բավական է, այսքան նայել ենք՝ եկեք տեսնենք, այսքան լսել ենք՝ եկեք իմանանք։
Որովհետև հիմա մենք չենք խոսում ուղղակի ընթացիկ բաների մասին, մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել չլինելու մասին։ Հայաստանը և Արցախը - իմիջիայլոց, սա շատ կարևոր է - ընդամենը հողակտորներ չեն, որովհետև Հայաստանի բոլոր երբեմնի հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա և գոյություն ունեն:
Հայաստանը՝ մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է: Սա ենք մենք ուզում: Եվ, այո՛, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա, և այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, այդ ագրեսիվությունը բազմաթիվ այլ տեղերում կա: Ի՞նչ է պետք անել այս ագրեսիվության նկատմամբ՝ պետք է կառավարել այդ ագրեսիվությունը: Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Փաշինյանը:











