ԱՄՆ-ի Javelin հակատանկային հրթիռների պաշարները սպառվում են՝ Ուկրաինա դրանց առաքման պատճառով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրությանը:

Ըստ CSIS-ում Միջազգային անվտանգության ծրագրի ավագ խորհրդական Մարկ Կանչիանի, ԱՄՆ-ի պաշարները նոր զինատեսակներով համալրելու համար տարիներ կպահանջվեն:

Javelin-ը ուսից արձակվող հակատանկային հրթիռ է, որն արտադրվել է ամերիկյան պաշտպանական հսկաներ Lockheed Martin-ի եւ Raytheon-ի կողմից:

Կանչիանը նշել է, որ Պենտագոնը պետք է վերահսկի իր պաշարների սպառումը։ «Ռազմական պլանավորողները, հավանաբար, սկսել են նյարդայնանալ»,- գրել է նա։

«Միացյալ Նահանգները պահուստներ են ստեղծում տարբեր հնարավոր գլոբալ հակամարտությունների դեպքերի համար, որոնք կարող են տեղի ունենալ Հյուսիսային Կորեայի, Իրանի կամ հենց Ռուսաստանի հետ։ Ինչ-որ պահի այդ պաշարներն այնքան կնվազեն, որ ռազմական պլանավորողները կմտածեն, թե արդյոք ռազմական ծրագրերը կարող են իրականացվել: Միացյալ Նահանգները, հավանաբար, մոտենում է այդ պահին»։

Ըստ փորձագետի՝ պահեստներում 20 000-ից մինչեւ 25 000 Javelin է մնում, իսկ Ուկրաինա առաքված 7000 համակարգերը «ներկայացնում են ԱՄՆ-ի ընդհանուր պաշարի մոտ մեկ երրորդը»:

«Արդեն մատակարարված հրթիռները փոխարինելու համար 3-4 տարի կպահանջվի։ Եթե ԱՄՆ-ն ավելի շատ հրթիռներ մատակարարի Ուկրաինային, այդ ժամկետը կերկարաձգվի»,- ասել է Կանչիանը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, Ուկրաինա որ զենքի, ներառյալ հազարավոր Javelin հակատանկային հրթիռների եւ Stinger զենիթային հրթիռների զանգվածային առաքումները, չեն ազդել ամերիկյան զորքերի մարտունակության վրա։