Ուկրաինական ճգնաժամը թուլացնում է աշխարհի երկրների մեծամասնության տնտեսական հեռանկարները, ասել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան՝ բարձր գնաճն անվանելով «ակնհայտ եւ իրական վտանգ» համաշխարհային տնտեսության համար, հայտնում է AP-ն։
Նրա խոսքով, ուկրաինական հակամարտությունը նպաստել է 143 երկրների տնտեսական անկմանը, թեեւ դրանց մեծ մասում աճը կշարունակվի։ Պատերազմը խափանել է էներգիայի եւ հացահատիկի համաշխարհային առեւտուրը եւ սպառնում է Աֆրիկայում ու Մերձավոր Արեւելքում պարենի պակասի պատճառ դառնալ:
Գեորգիեւայի խոսքով՝ ինֆլյացիան, որը ստիպում է աշխարհի կենտրոնական բանկերին բարձրացնել տոկոսադրույքները, «հսկայական խոչընդոտ է համաշխարհային վերականգնման համար»:
Նա նաեւ զգուշացրել է «համաշխարհային տնտեսությունը աշխարհաքաղաքական բլոկների բաժանելու» մասին, քանի որ Արեւմուտքը լայնամասշտաբ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, իսկ Չինաստանն իր աջակցությունն է հայտնում նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մի աշխարհում, որտեղ Եվրոպայում պատերազմը Աֆրիկայում սով է ծնում, որտեղ համավարակը կարող է մի քանի օրվա ընթացքում անցնել ամբողջ աշխարհով, որտեղ ցանկացած վայրում արտանետումները նշանակում են ծովի մակարդակի բարձրացում գրեթե ամենուր, մեր հավաքական բարգավաճմանը սպառնացող վտանգը չի կարելի գերագնահատել»,- ասել է Գեորգիեւան:


























