Արցախը երբեք ոչ մի նշաձողի խնդիր չի ունեցել։ Արցախը միայն կարմիր գծերի հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթը հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից։ Միաժամանակ ԱԳ նախարարը որոշակի տարակուսանք է հայտնել։

Նա, մասնավորապես, չի հասկացել, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր Ղարաբաղի կարգավիճակի հարցում Հայաստանի իշխանությունների սահմանած նշաձողն իջեցնելու մասին։ «Կարմիր գիծ կա, եւ ոչ ոք իրավունք չունի այն խախտել։ Ղարաբաղի իշխանություններն ու նրա ժողովուրդը միասնական են։ Այս հարցում տարաձայնություններ եւ այլակարծություններ չկան։ Սա ամբողջ Ղարաբաղի ժողովրդի ընդհանուր կարծիքն է։ Ի դեպ, ոչ միայն Ղարաբաղի ժողովրի։ Սա ցանկացած նորմալ մարդու, ցանկացած նորմալ հայի դիրքորոշումն է։ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է Բաբայանը։

Նախարարի խոսքով՝ Ղարաբաղի վերացումը նշանակում է հենց Հայաստանի վերացում։ Սա պարզ ճշմարտություն է։ «Ոչ ոք թող չմտածի, որ ինչ-որ այլընտրանք կհայտնվի։ Այն չի լինի: Դա պարզապես ժամանակի հարց է»,- ասել է դիվանագետը։