Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները մտադիր են մայիսի 15-ից նվազեցնել Ռուսաստանից գնվող նավթի ծավալը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Shell-ն արդեն դադարեցրել է ռուսական հում նավթի գնումը, իսկ Vitol-ը՝ աշխարհի խոշորագույն նավթային թրեյդերը, հայտարարել է, որ մինչեւ 2022թ․ վերջ ամբողջությամբ կկրճատի Ռուսաստանից հում նավթի մատակարարումները, ինչին կհետեւեն այնպիսի ընկերություններ, ինչպիսին է Trafigura-ն:

Աղբյուրը պնդում է, որ նավթի առեւտրով զբաղվող խոշոր ընկերությունները մտադիր են նվազեցնել իրենց գնումները՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները չխախտելու համար, թեեւ դաշինքը դեռ պաշտոնապես չի արգելել ՌԴ-ից նավթի ներկրումը։ ԵՄ-ն ներկայումս թույլ է տալիս հում նավթ գնել «Գազպրոմնեֆտ»-ից կամ «Ռոսնեֆտ»-ից՝ պատճառաբանելով, որ այն անհրաժեշտ է էներգիայի բավարար պաշարները պահպանելու համար: Բացի այդ, ԵՄ երկրները քննարկել են Ռուսաստանի դեմ նավթի պոտենցիալ էմբարգոն, մինչդեռ ԱՄՆ-ն արգելել է երկրից բոլոր էներգակիրների ներմուծումը, իսկ Մեծ Բրիտանիան խոստացել է կրճատել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը մինչեւ 2022թ․ վերջ:

Անցյալ շաբաթ ԵՄ-ն առաջին քայլերն է արել՝ արգելելու էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից՝ դադարեցնելով ածխի բոլոր ներմուծումներն այս տարվա վերջից սկսած: Եվրոպական շատ երկրներ մեծապես կախված են Ռուսաստանից նավթի ներկրումից։ Գերմանիան՝ տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունը, երկու տարվա ընթացքում կարող է կորցնել 240 միլիարդ դոլար կամ տարեկան տնտեսական արտադրանքի 6,5 տոկոսը, եթե ռուսական գազի մատակարարումը դադարեցվի։ ԵՄ-ն Ռուսաստանից ստանում է օրական մոտ 3,1 միլիոն բարել նավթ, ինչը ծածկում է նրա կարիքների մոտ 30 տոկոսը։ Ռուսաստանը ԵՄ-ին ավելի շատ նավթ է մատակարարում, քան երեք խոշոր մատակարարները՝ Իրաքը, Նիգերիան եւ Սաուդյան Արաբիան միասին վերցրած: Հիմնական ուղղություններն են Գերմանիան եւ Նիդեռլանդները։