Հարավային Կովկասում իրական վիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար պահանջվում են հետագա հետեւողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը որպես համանախագահներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես ավելի վաղ նշել էինք, Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» եւ դրանց վերաբերյալ Երեւանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցությունների մեկնարկի համար։ Այս թեման քննարկվել է այս տարվա ապրիլի 9-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ նախորդ օրը Սերգեյ Լավրովը՝ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ռուսաստանը վճռական է տրամադրված Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը աջակցելու հարցում։

Հիշեցնեմ, որ ս.թ. փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասի իրական վիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում։ Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար պահանջվում են հետագա հետեւողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը որպես համանախագահներ։

Այս առումով, հատուկ հանձնարարություններով դեսպան Ի․ Ա․ Խովաեւը կշարունակի աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ։ Հիշատակված խաղաղության պայմանագրի պատրաստման թեմատիկան նրա ուշադրության կենտրոնում կլինի։ Մենք ակնկալում ենք, որ Խովաեւի ջանքերն աջակցություն կստանան Բաքվի եւ Երեւանի մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից։ Մենք բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»: