Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը երբեք ինչ-որ տարածքային պահանջների խնդիր չի եղել եւ չի լինի։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ այդ հակամարտության հիմքում ընկած են Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, հայրենի հողում ապրելու եւ արարելու հնարավորությունը։
«Այդ համատեքստում Ղարաբաղի կարգավիճակը միշտ էլ այդ իրավունքների իրացման միջոց է եղել»,- պարզաբանեց Էդուարդ Աղաջանյանը
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ղարաբաղի խորհրդարանն արտահերթ նիստին քննարկեց Հայաստանի, Ռուսաստանի իշխանություններին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված կոչով հայտարարությունը: Դրանում Ղարաբաղի պատգամավորը ՀՀ իշխանություններից պահանջում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի շահերը զիջելու իրենց աղետալի դիրքորոշումից։ Ավելի վաղ ՀՀ ներկայիս վարչապետը հայտարարել էր, թե իբր միջազգային հանրությունն է պահանջում «իջեցնել նշաձողը» Ղարաբաղի հարցում։




























